Հունիսի 30-ից հուլիսի 4-ը ՔԱՀ եկեղեցում անցկացվեց համայնքի կյանքում ավանդույթ դարձած ամառային բակային ճամբար։ Այս տարվա ճամբարը միավորեց տարբեր տարիքայի խմբերի շուրջ 30 երեխաների, որոնք հինգ օր շարունակ մասնակցեցին հոգևոր, ուսուցողական և հետաքրքիր միջոցառումների։
Ճամբարի թեման էր Հովսեփի կյանքի պատմությունը՝ հիմնված Ծննդոց գրքի վրա, ում ճանապարհը լի էր փորձություններով, ցավով ու անարդարությամբ, բայց նաև հույսով, հավատքով, քանի որ Աստված նրա հետ էր իր դժվարությունների ժամանակ։ Երեխաները խորությամբ ուսումնասիրեցին Հովսեփի կյանքի տարբեր դրվագները՝ սկսած եղբայրների կողմից դավաճանվելուց, բանտ ընկնելու ցավալի փորձառությունից մինչև Եգիպտոսի պալատում ծառայության անցնելը։ Հովսեփի կյանքի պատմության միջոցով երեխաները սովորեցին վստահել Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն բան թվում է անարդար կամ անհասկանալի, հավատալ Նրա ծրագիրին դժվարությունների մեջ, և ամենակարևորը՝ սիրել ու ներել՝ ինչպես Հովսեփը ներեց իր եղբայրներին։
Ճամբարի ծրագիրը բազմաբնույթ էր։ Ամեն օր երեխաները մասնակցում էին թեմատիկ դասընթացի, սովորում օրվա ոսկեղեն համարը, քննարկում այն միասին, իսկ թիմային խաղերի, արվեստի դասընթացների միջոցով ամրապնդում իրենց գիտելիքները օրվա նյութի վերաբերյալ։ Առանձնահատուկ տեղ էր հատկացված աստվածաշնչյան պատմությունների առարկայական ուսուցմանը, որի ընթացքում երեխաները ոչ միայն լսում էին, այլև խաղային և ստեղծագործական մեթոդներով դասեր քաղում Հովսեփի կյանքից։
Այս ճամբարը նոր հնարավորություն էր երեխաների հոգևոր և անձնային աճի համար։ Նրանք ոչ միայն սովորեցին աստվածաշնչյան ոսկեղեն համարներ, այլև խորացրեցին իրենց ընկերական հարաբերությունները, զարգացրին թիմային աշխատանքը։ Այս ամենը հնարավոր դարձավ միայն նվիրված ուսուցիչների և նրանց օգնականների շնորհիվ, ովքեր սիրով, համբերությամբ և մեծ նվիրումով առաջնորդեցին երեխաներին ճամբարային առօրյայում։




















