Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցին մեծ ուրախությամբ տոնեց կազմավորման 35-ամյակը։ Հանդիսավոր երեկոն անցավ երախտագիտության, երկրպագության և հաղորդակցության մթնոլորտում։

Երեկոն մեկնարկեց եկեղեցու երեցներից Դավիթ Խաչատրյանի ողջույնի խոսքով և աղոթքով, որին հաջորդեց մանկական երգչախմբի փառաբանության երգը։

Շնորհակալական աղոթք բարձրացրեց Վեր․ Հենդրիկ Շահնազարյանը՝ երախտագիտություն հայտնելով Աստծուն եկեղեցու կյանքում առաջնորդության և օրհնությունների համար։ Այնուհետև ծրագիրը շարունակվեց եկեղեցու երիտասարդ անդամներից Էլիզի կատարմամբ, ով երգեց «Jesus Paid It All» երգը՝ բոլորի ուշադրությունը սևեռելով դեպի Քրիստոսի զոհաբերությունը։

Երեկոյի պատգամը փոխանցեց Վեր․ Արա Չաքրյանը՝ խոսելով եկեղեցու առաքելության մասին և խրախուսելով համայնքին մնալ հավատարիմ Ավետարանի քարոզչությանը, ծառայել համայնքին և շարունակել այն գործը, որն Աստված վստահել է Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցուն։ Այնուհետև ցուցադրվեց կարճ տեսանյութ, որը ներկայացնում էր եկեղեցու պատմությունը, անցած ճանապարհը վերջին 35 տարիների ընթացքում։

ՔԱՀ եկեղեցու ավագ հովիվ Վեր․ Հովհաննես Հովսեփյանն իր ելույթում ընդգծեց եկեղեցու առաքելությունն ու ինքնությունը՝ շարունակական հավատարմության կոչ անելով և հիշեցնելով Աստծո մշտական օգնության մասին, ինչպես նշված է Ա Թագ․ 7:12-ում․ «Մինչև հիմա Տերն օգնեց մեզ»։

Օրվա հիշարժան պահերից էր եկեղեցու նախկին հովիվներին խորհրդանշական հուշատախտակներ հանձնելու  արարողությունը՝ արժևորելով վերջիններիս երկարամյա նվիրված ծառայությունը։

Տոնակատարության ընթացքում կազմակերպվեց նաև վիճակահանություն-դրամահավաք, որը ոչ միայն ուրախ տրամադրություն փոխանցեց ներկաներին, այլ նաև եկեղեցու շարունակական առաքելության համար աջակցություն եղավ։

Երեկոյի ընթացքում հնչեցին երկրպագության և փառաբանության մի շարք երգեր ՔԱՀ եկեղեցու երգչախմբի կատարմամբ՝ ուղղորդելով ներկաներին անկեղծ գոհաբանության և փառաբանության դեպի Աստված։

Երեկոն ավարտվեց Վեր․ Շանլյանի և Վեր․  Շահնազարյանի աղոթքով և օրհնությամբ։