Եվ շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար
Բ Կոր․ 9։15
Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցին համախմբվեց Գոհաբանության ընթրիքի շուրջ՝ միասնաբար արտահայտելու շնորհակալություն Աստծուն՝ Նրա անսահման բարության, հոգատարության և օրհնությունների համար։ Երեկոյի հիմնական նպատակը եկեղեցու շենքը գնելու համար միջոցաներ հավաքելն էր։ Այս շրջանում ՔԱՀ եկեղեցու առաջնահերթությունն է ձեռք բերել եկեղեցու շենքը, ինչը հնարավորություն կընձեռի հոգևոր համայնքին ավելի ամրապնդելու իր առաքելությունն ու շարունակելու ծառայել Աստծուն ու ապագա սերունդներին։
Երեկոյի ընթացքում մասնակիցները կիսվեցին շնորհակալական խոսքերով, փառաբանությամբ ու աղոթքով՝ միասին հիշելով տարվա ընթացքում Աստծո կատարածը։ Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում՝ հագեցած փառաբանության երգերով, աղոթքով և անկեղծ հաղորդակցությամբ։ Երեկոյի հատուկ հյուրն էր Վեր. Վաչէ Էքմէքճեանը, ում ոգեշնչող քարոզը ևս մեկ անգամ հիշեցրեց ներկաներին Աստծուն շնորհակալ լինելու կարևորության և Աստծո տաճարը շեն պահելու առաջնահերթության մասին։ Գոհաբանության ընթրիքի ընթացքում անցկացված փառաբանությունն առաջնորդում էր Կարո Սուլահյանը։ Վերջինիս կատարմամբ հոգևոր երգերը երեկոն դարձրին առավել հիշարժան։
Ընթրիքի ընթացքում նաև անցկացվեց խաղարկություն, որի արդյունքում ներկաները տարբեր մրցանակների արժանացան: Մրցանակները պատրաստվել էին մի շարք բարերաների կողմից, որոնց իր խորին շնորհակալությունն է հայտնում ՔԱՀ եկեղեցին։
Գոհաբանության այս ընթիքը ոչ միայն տոնական հանդիպում էր, այլև կոչ՝ շարունակելու քայլել հավատքով, միաբանությամբ, երախտագիտությամբ և Աստծուն փառաբանելով։
































