․․․ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին ․․․

Ա Կորնթ, 1։23

ՔԱՀ եկեղեցու առջև նախօրեին խաչքար տեղադրվեց: Խաչքարի տեղադրումը կարևոր և նշանակալից իրադարձություն է ՔԱՀ եկեղեցու հավատացյալների շրջանում։ Այն  ևս մեկ քայլ է՝ ամրանդելու տեղի հայ համայնքի կապը քրիստոնեական դարավոր ավանդույթների և ինքնության հետ:

Խաչքարը  պատրաստվել է Գյումրի քաղաքում  և  Լոս Անջելես է տեղափոխվել ՔԱՀ եկեղեցու հովիվ Վեր․ Հովհաննես Հովսեփյանի անմիջական ջանքերի շնորհիվ, և նվիրված է հավատքի համար նահատակվածներին։ Վերջինիս խոսքով, խաչքարը համայնքի անսասան հավատքի և մնայուն մշակութային ժառանգության վառ վկայությունն է։ «ՔԱՀ եկեղեցու համար այս խաչքարն ավելին է, քան պարզապես քանդակ: Այն հոգևոր վերածնության խորհրդանիշ է, որն աղոթքի կոչ է անում: Այն պատմության կանգուն վկայություն է, որը բոլորիս հիշեցնում է՝ նույնիսկ հայրենի հողից հեռու մեր հավատքը կենդանի է, մեր արմատները խորն են, մեր առաքելությունը՝ շարունակական»,- նշում է Վեր․ Հովհաննես Հովսեփյանը։

Հարափոփոխ աշխարհում խաչքարը լուռ քարոզիչ է, որը չի խոսում բառերով, բայց բարձրաձայն հայտարարում է, թե ով ենք մենք, պատմում է, որ Քրիստոսին ենք պատկանում, և որ  չենք մոռանա այն ճանապարհը, որն անցել ենք:

ՔԱՀ եկեղեցու առջև խաչքարի տեղադրումը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլ նաև ինքնության հռչակում: Այն հիշեցնում է մեզ, որ մեր քրիստոնեական հավատքը և մեր հայկական արմատները խորապես փոխկապակցված են: