Քրիստոսով սիրելի քույրեր և եղբայրներ,
Սուրբ Ծննդյան այս օրհնյալ օրերում մեր սրտերն ու մեր հայացքներն եկե՛ք կրկին ուղղենք դեպի այն մեծ հույսը, որի մասին կարդում ենք․
«Ահա նա գալիս է ամպերով, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը ․․․ »։
(Հայտնություն 1:7)
Գալստյան պատրաստության այս ժամանակաշրջանը մեզ հիշեցում է, որ Քրիստոսն արդեն եկել է և դարձյալ պիտի գա Իր Փառքով։
Նա խոնարհվեց ու ծնվեց մսուրում՝ մեզ փրկելու համար, և այսօր, մինչ պատրաստվում ենք տոնելու Իր Ծնունդը, ընդառաջ գանք Նրան, որպեսզի նորոգվենք հավատքով, լուսավորվենք իր Լույսով և Իր խաղաղությամբ ամրապնդենք մեր սիրտն ու միտքը։ Թող այս Սուրբ Ծնունդը լինի սկիզբ մեր հոգևոր արթնության համար, թող Քրիստոսի լույսը ցրի մեր շուրջը եղած խավարը, թող Նրա խաղաղությունը բնակվի մեր ընտանիքներում, և թող մենք արթուն ու սպասման մեջ մնանք՝ հավատքով, հույսով և սիրով։
Տերը ոչ միայն եկել է, այլև խոստացել է գալ կրկին։ Այս անգամ Նա պիտի գա Իր Փառքով, որ արդարությամբ հաստատի Իր Թագավորությունը և հավիտենական ուրախություն պարգևի Իր ժողովրդին։ Մշտապես ապրենք Նրա Գալստյան սպասումով․
«Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով պիտի գամ»։
Ամե՛ն։ Արի՛, Տե՛ր Հիսուս»։ (Հայտնություն 22:20)
Թող այս խոսքը լինի մեր կյանքի ուղեցույցը, մեր հավատքի հենարանը և մեր սրտի ամենօրյա սպասումը։
Օրհնյալ Սուրբ Ծնունդ և շնորհներով առատ Նոր տարի։
Քրիստոս ծնվեց և հայտնվեց,
Ձեզ և մեզ մեծ ավետիս,
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։
Սիրով և աղոթքով՝
Վեր․ Հովհաննես Հովսեփյան