Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցու ամենամյա հավաքն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 24-26-ին՝ ուղղված Տիրոջ փառաբանությանը, եկեղեցու անդամների հաղորդակցությանն ու հոգևոր նորոգությանը։ Այս տարվա թեման էր՝ «Աճող Եկեղեցին», որի ընտրության համար հիմք էր ծառայել Ջոն Սթոթի՝ «Եփեսացիներ. ստեղծելով համայնք Քրիստոսի մեջ» գիրքը՝ շեշտադրելով հետևյալ գաղափարը՝ եկեղեցի, որն աճում է միասնության, հասունության և սրբության մեջ։

Ամենամյա հավաքն ընթացավ փառաբանության և աղոթքի մթնոլորտում՝ ստեղծելով Սուրբ Հոգով լի միջավայր՝ խորհելու, սովորելու և աճելու համար։
3 օրերի ընթացքում ՔԱՀ եկեղեցու հոգևոր հովիվ վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը մասնակիցներին ներկայացրեց «աճող եկեղեցու» բանաձևը՝ խրախուսելով հավատացյալներին խորացնել իրենց հավատքը և ամրապնդել հոգևոր կապերը Քրիստոսի հետ։ Ներկաներն ուսումնասիրեցին Եփեսացիների պատգամը երեք հիմնական թեմաների շուրջ․

• Աճել Միասնության մեջ – Եփեսացիներ 4․1–6
Եկեղեցին դառնում է զորավոր, երբ նրա անդամները առաջ են ընթանում խոնարհությամբ, հեզությամբ և սիրով։

• Աճել Հասունության մեջ – Եփեսացիներ 4․11–16
Հասուն եկեղեցին այն եկեղեցին է, որը տարբերում է ճշմարտությունը սխալից՝ հավատարիմ մնալով Սուրբ Գրքին, երբ մեզ շրջապատող
աշխարհը լի է խաբեությամբ։

• Աճել Սրբության մեջ – Եփեսացիներ 4․17–32

Աճող եկեղեցին արտացոլում է Քրիստոսի բնավորությունը։ Հին մարդուց հրաժարվելը և նոր՝ հոգևորով առաջնորդվող կյանքով ապրելը նշանավորում է արդարության, կարեկցանքի և մաքրության վրա հիմնված համայնք։

Ամենամյա հավաքի ամենատպավորիչ պահերից մեկը լճի ափին տեղի ունեցած մկրտությունն և Սուրբ Հաղորդությունն էր՝ երախտագիտությամբ և Աստծո ներկայության վեհությամբ լցված։ Երկու նոր անդամներ, եկեղեցական ընտանիքով շրջապատվածմ, հրապարակավ խոստովանեցին իրենց հավատքը Քրիստոսին՝ մկրտվելով «Արև» ճամբարի լճում։ Դա Աստծո փոխակերպող շնորհի հիանալի վկայություն էր։