ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ
Առաքելական հանգանակը մեզ հասած ամենահին հավատո հանգանակն է, որը կազմվել է II դարում։
Հավատում եմ Ամենակալ Հայր Աստծուն՝ երկնքի եւ երկրի Ստեղծողին, եւ Նրա Միածին Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը հղացվեց Սուրբ Հոգուց, ծնվեց Մարիամ կույսից, չարչարվեց Պոնտացի Պիղատոսի օրով, խաչվեց, մեռավ ու թաղվեց եւ, երրորդ օրը հարություն առնելով մեռելներից՝ երկինք համբարձվեց եւ ամենակալ Հայր Աստծո աջ կողմը նստեց, որտեղից էլ պիտի գա դատելու ողջերին եւ մեռյալներին:
Հավատում եմ Սուրբ Հոգուն, ընդհանրական Սուրբ Եկեղեցուն, սրբերի հաղորդությանը, մեղքերի թողությանը, մարմնի հարությանը եւ հավիտենական կյանքին:
ՆԻԿԻԱԿԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ
Նիկիական հանգանակը ընդունվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովի ժամանակ՝ 325 թվականին, Նիկիա քաղաքում։
Հավատում ենք Մեկ Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:
Եվ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որի միջոցով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիները և աներևույթները:
Որ հանուն մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Որով ճշմարտապես և ոչ կարծեցյալ կերպով՝ առավ մարմին, հոգի և միտք և ամեն ինչ, որ կա մարդու մեջ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք, նստեց Հոր աջ կողմում:
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան։
Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղին և կատարյալին, որ խոսեց օրենքի և մարգարեների և Ավետարանների միջոցով: Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ։
Հավատում ենք նաև մեկ, Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության։ Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:
ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
Հավատում եմ երկնքի եւ երկրի Արարչին, Ամենակարող մեկ Աստծո`Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն:
Հավատում եմ, թե մարդն Աստծո պատկերով է ստեղծված, բայց մեղքի մեջ է ընկած եւ միայն Աստծո շնորհքով կարող է ազատվել մեղքի իշխանությունից եւ արժանանալ Հայր Աստծո հաճությանը:
Հավատում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնացավ եւ իր կյանքով ու վարդապետությամբ, չարչարանքով ու մահվամբ մարդկային ցեղի համար կատարյալ փրկություն պատրաստեց:
Հավատում եմ, որ մեռելներից հարություն առնելով, Հոր աջ կողմը նստած՝ մեզ համար բարեխոսում է, եւ Նրա անվանն ամեն հավատացող ձրիաբար մեղքերի թողություն եւ հավիտենական կյանք կստանա:
Հավատում եմ, որ Սուրբ Հոգին, մարդկանց սրտերի մեջ գործելով, նրանց համոզում է մեղքի, արդարության եւ դատաստանի մասին, թե Նրա միջոցով նոր եւ սուրբ բնավորություն ենք ստանում:
Հավատում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսն ունի երկրի վրա տեսանելի եկեղեցի, որի արարողություններն են Մկրտությունը եւ Հաղորդությունը:
Հավատում եմ, որ Սուրբ Գիրքն Աստծո ներշնչումով է գրված եւ բաղկացած է Հին եւ Նոր Կտակարաններից, եւ որ այն է եկեղեցու հավատքի եւ գործերի կանոնը:
Հավատում եմ մեր Տիրոջ փառքով գալստյանը, մեռելների հարությանը, մեղավորների հավիտենական դատապարտությանը եւ արդարների հավիտենական կյանքին: