Փետրվարի 15-ին Քրիստոնեական Առաքելություն Հայոց եկեղեցում տեղի ունեցավ Զույգերի հերթական հանդիպումը։ Միջոցառման թեման «Որակյալ ժամանակն» էր՝ հիմնված Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գրքի սկզբունքների վրա։ Հանդիպման ընթացքում ներկաներին ներկայացվեց միմյանց հետ նպատակային և գիտակցված ժամանակ հատկացնելու նշանակությունն ու կարևորությունը, հատկապես մերօրյա զբաղված առօրյայի պայմաններում։
Միջոցառումը ներառում էր թեմատիկ ուսուցում, գործնական օրինակներ և բաց քննարկում, որի ընթացքում զույգերը հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց մտքերը, կիսվելու անձնական փորձառություններով և քննարկելու այն մարտահրավերները, որոնց բախվում են իրենց ընտանիքում։ Հատուկ շեշտադրվեց այն հանգամանքը, որ որակյալ ժամանակը միայն միասին, կողք կողքի գտնվելը չէ, այլ ուշադրությամբ իրար լսելը, միմյանց հասկանալը և աջակցելը։ Մասնակիցներին առաջարկվեցին նաև գործնական քայլեր, որոնք կարող են օգնել ամուսնական կապի ամրապնդմանը՝ օրինակ՝ միասին ժամանակ պլանավորելը, հեռախոսներից և այլ շեղող հանգամանքներից ազատ ժամանակ անցկացնելը և այլն։
Հանդիպումն անցավ ջերմ և անկեղծ մթնոլորտում, հաղորդակցությամբ և ընտանիքների ամրության ու օրհնության համար աղոթքով, ինչպես նաև ժամանցային խաղերով։




































