Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։
Ա Հովհ․ 4։8
Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցու նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվեց ամառային ճամբար՝ Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար, մասնավորապես՝ այրիների ու նրանց զավակների։ Այս կարևոր նախաձեռնությունը միտված էր սփոփելու և զորացնելու նրանց, ովքեր անցել են դժվարին փորձությունների միջով՝ պարգևելով խաղաղության ու հույսի օրեր։
Ամառային ճամբարը կայացավ հունիսի 25-27-ը Ստեփանավանի գեղատեսիլ բնության գրկում։ Այն իրականացվեց Արմինե Բարխուդարյանի և Լենա Ապելյանի ջանքերով։ Ուսումնական և կրթական մասը վստահված էր Մերի Հարությունյանին, իսկ ճամբարի բացման խոսքն ու ոգևորիչ ուղերձը հնչեցրեց Վերգինե Ղարիբյանը։
Ճամբարային երեք օրերի ընթացքում մասնակիցների առօրյան հագեցած էր կրթական, հոգևոր և ժամանցային բնույթի ծրագրերով, մասնավորապես․
- Ավետարանի սերտողություններ և աղոթքի ժամեր,
- Երգ ու պար՝ ազգային ու հոգևոր մշակույթի դրվագներ,
- Խաղեր և թիմային մրցույթներ, որոնք նպաստեցին թիմային մտածողության ձևավորմանն ու նոր ընկերներ ձեռքբերելուն,
- Սոցիալ-հոգեբանական քննարկումներ, որոնք ուղղված էին հոգեբանական սթրեսի հաղթահարմանը,
- Ուսուցողական դասընթացներ երեխաների համար։
Հատուկ տպավորություն թողեց նաև այցելությունը մեծանուն դերասան Սոս Սարգսյանի անվան այգի, որտեղ երեխաներն ու նրանց մայրերը վայելեցին բնության գեղեցկությունը։
Հատուկ կարևորություն ուներ նաև ճամբարի հոգևոր մասը։ Վերապատվելի Հրանտ Բադալյանը մասնակիցներին փոխանցեց Աստծո կենդանի Խոսքը, որը մասնակիցների սրտերը լցրեց հավատքով և մխիթարությամբ։
Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ ոչ միայն կազմակերպիչների ջանքերով, այլև բազմաթիվ աջակիցների շնորհիվ, որոնք իրենց ներդրումը ունեցան թե՛ նյութապես, թե՛ բարոյապես։ Այս ճամբարը դարձավ լույսի և հույսի աղբյուր այն ընտանիքների համար, որոնց կյանքում դժվար փորձություններ են եղել։ Այն հիշեցրեց բոլորին, որ Աստծո սերը բուժիչ է և ուժ տալիս նորից առաջ գնալու համար։


