Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։
Հովհ․ 15։4
Սբ․ Ծնունդին ընդառաջ՝ Գալստյան պատրաստության այս շրջանում, Քրիստոնեական Առաքելություն Հայոց եկեղեցում տեղի ունեցավ տիկնանց ճաշկերույթ-միջոցառում, որի հիմանական թեման հետևյալն էր՝ «Ի՞նչ կարծիք ունի Քրիստոսը իմ մասին, և ի՞նչ է Նա ուզում ինձ համար» (Հովհաննես 15:1-11)։ Միջոցառմանը մասնակցում էին եկեղեցու անդամներ հանդիսացող բազմաթիվ տիկնայք՝ շուրջ հարյուր մասնակից։ Տիկնանց ծառայության ընթացքում շեշտվեց, որ քրիստոնյան, որպես Քրիստոսին՝ Որթատունկին պատվաստված ճյուղ, կոչված է իր կյանքը ապրել Նրա խոսքից բխող ճշմարտությունների հիման վրա։ Մեր ինքնությունը, արժեքը և կոչումը ձևավորվում են ոչ թե աշխարհի կարծիքով, այլ այն ճշմարտությամբ, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Երբ մնում ենք Նրա մեջ և թույլ ենք տալիս, որ Նրա խոսքը բնակվի մեր սրտերում, մեր կյանքը սկսում է պտուղ տալ։
Մեր միակ և ամենաբարձր նպատակը պետք է լինի բարի պտուղներ բերելը, որպեսզի Հայրը փառավորվի։ Աստծո փառքը առավել տեսանելի է այն ժամանակ, երբ մենք մեզ լիովին բավարարված ենք զգում Նրանով։ Որքան մեծ է մեր բավարարվածությունը Քրիստոսի մեջ, այնքան ավելի մեծ փառք է ստանում Տերը մեր կյանքի միջոցով։
Նրա պատվիրանները պահելով՝ մենք մնում ենք Նրա սիրո մեջ, իսկ այդ սերը Կյանք է և Հարստություն՝ հոգևոր լիություն, խաղաղություն և ուրախություն։
Այս միջոցառումը յուրահատուկ հիշեցում էր, որ Քրիստոսը մեզ կոչ է անում ապրել պտղաբեր, նպատակաուղղված և Նրան փառք բերող կյանք՝ հաստատուն մնալով Նրա սիրո և ճշմարտության մեջ։



























