Քրիստոնեական Առաքելություն Հայոց եկեղեցու հավատավոր քույրերն ու եղբայրները՝ Վերապատվելի Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ նախօրեին միասին այցելեցին Shields Date Garden։ Այցելության վայրի ընտրությունը պատահական չէր։

Այգին հայտնի է ոչ միայն իր պատմական արմավենու ծառերով և յուրահատուկ բնությամբ, այլ նաև ունի թաքնված գոհար՝ արահետ, որի ողջ երկայնքով տեղադրված են աստվածաշնչյան թեմատիկայով 23 արձաններ, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսի կյանքի առանցքային դրվագները: Այցելության մասնակիցները զբոսանքի ընթացքում կանգ առան յուրաքանչյուր արձանի առջև՝ խորհելու Քրիստոսի երկրային կյանքի պատմությունների շուրջ։

Քրիստոսի ծնունդից և Հորդանան գետում մկրտությունից մինչև Խաչելություն և Հարություն՝ Հիսուս Քրիստոսի կյանքի ամենակարևոր և նշանակալից պահերը մարմնավորված էին քարի մեջ: Այս այցը յուրատեսակ հնարավորություն էր հոգևոր մտորումների և հոգևոր հաղորդակցության համար:

Shields Date Garden այցելելն ավելին էր, քան պարզապես ուղևորություն։ Այն հոգևոր հաղորդակցության փորձ էր, որն ավելի խորացրեց և ամրապնդեց քույրերի և եղբայրների միջև կապն ու մտերմությունը, քանի որ ուղևորության ողջ ընթացքն ուղեկցվում էր ընտանեկան ջերմությամբ, աղոթքով ու բարձր տրամադրությամբ: Ուղևորության շրջանակում այցելուները նաև միասին ճաշեցին ու վայելեցին խուրմայից պատրաստված ըմպելիք։

Նմանօրինակ հոգևոր հաղորդակցությունները ՔԱՀԵ-ում շարունակական բնույթ են կրելու՝ նպաստելով  համայնքի հզորացմանն ու հոգևոր կապի ամրապնդմանը։